National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի համատեղ հայտարարությունը
1 / 2

Մայիսի 24-ինՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով այսօրվա հանդիպման արդյունքները, նշել է, որ Հայաստանը կարեւորում է հարաբերություների զարգացումը Գերմանիայի հետ բոլոր ուղղություններով: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ կողմերը կարեւորում են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը թե բարեկամության խմբերի, եւ թե հանձնաժողովների մակարդակով: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հանդիպմանը կարեւորվել է նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Նա ընդգծել է, որ Եվրամիության անդամ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է: Կողմերը հույս են հայտնել, որ այդ համագործակցությունը ապագայում եւս շարունակական կլինի:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային զարգացումներին. Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածաշրջանում բացառապես կայունության ու խաղաղության կողմնակից են: ԱԺ փոխնախագահը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է փաստեր՝ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ պարոն Շարմազանովը նշել է, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Բանակցությունների վերսկսման համար, ըստ Էդուարդ Շարմազանովի, անհրաժեշտ է իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո իրենց հայտարարության մեջ նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները: Աժ փոխնախագահը նշել է, որ այդ առաջարկները գերմանական կողմի համար եւս ընդունելի են.դա այսօր հաստատել է նաեւ տիկին Բուլմահնը: Այս համատեքստում երկկրղմ կարեւորվել է շփման գծում վստահության եւ հետաքննության մեխանիզմների ներդրումը: «Ավելին, մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի՝ հիմքում ունենալով թե ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը, թե խաղաղ կարգավորումը, թե տարածքային ամբողջականությունը, բայց միեւնույն ժամանակ բոլորը պետք է գիտակցեն, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման առանցքում է եղել նաեւ Ցեղասպանության դատապարտման հարցը, որին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հունիսի 2-ին Գերմանիայի Դաշնության Բունդեսթագում կքննարկվի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձեւի նախագիծը: Հայաստանի ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Էդելգարդ Բուլմահնին՝ խիզախ ու արդարացի կեցվածքի համար: «Այսօրեւս տիկին Բուլմահնն իր անձնական տեսակետը վերահաստատել է, որ 1915թ. իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ գերմանացի գործընկերները հունիսի 2-ին կիրականացնեն մեծ առաքելություն՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ Օսմանյան Թուրքիայում ապրող քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունները:

Բունդեսթագի փոխնախագահը եւս խոսելով ԼՂ հակամարտությունից՝ հույս է հայտնել, որ այն չի լուծվի ռազմական ճանապարհով, եւ կոչ է արել կողմերին պահպանել հրադադարի շուրջ ձեռք բերված նոր պայմանավորվածությունը: Տիկին Բուլմահնը կարեւորելով մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում՝ ընդգծել է, որ այն կարեւոր նախապայման կլինի հակամարտության հետագա թեժացումը կանխելու հարցում:

Անդրադառնալով Բունդեսթագի «Քրիստոնեադեմոկրատական» խմբակցության, Սոցիալ դեմոկրատական կուսակցության ու «Կանաչներ» խմբակցության կողմից համատեղ մշակված բանաձեւի նախագծի քննարկմանը՝ Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ բանաձեւում առաջին հերթին դատապարտվելու են հայերի ու այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված բռնությունները: «Կարեւոր է միշտ կենդանի պահել անցյալի մասին հիշողությունը: Հենց այդ պատճառով էլ մենք կոգեկոչենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նաեւ կդատապարտենք Գերմանական կայսրության տխրահռչակ դերը, քանի որ Գերմանիան այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցը եւ չի կանխել Թուրքիայի կատարած ոճրագործությունները»,- փաստել է Բունդեսթագի փոխնախագահը:

Նա հիշեցրել է, որ 1998-ին Գերմանիայի կառավարությունը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են նաեւ Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններին: Ինչպես նշել է Բունդեսթագի փոխնախագահը, փաստաթղթերում ակնհայտ է, որ Գերմանիան դիվանագիտական իր ալիքներով տեղյակ է եղել, թե ինչ է ծրագրվում Օսմանյան կայսրության կողմից: «Այդ պատճառով բանաձեւում անդրադարձ է կատարվում նաեւ Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության հարցում, հետեւաբար, Գերմանիան պատմական պատասխանատվություն է ստանձնում առերեսվելու իրականությանը»,- ասել է գերմանացի խորհրդարանականը:

Բունդեսթագի փոխնախագահի խոսքով՝ Թուրքիայում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր համարձակորեն առերեսվում են իրենց պատմությանը եւ քննադատաբար վերաբերվում Օսմանյան կայսրության վարած քաղաքականությանը:

Հաշվի առնելով Գերմանիայի պատմության մութ էջերը, տիկին Բուլմահնը նշել է, որ իրենք կարող են օգնել հայ եւ թուրք ժողովուրդներին երկխոսության եզրեր գտնելու հարցում: Ըստ Բունդեսթագի փոխնախագահի՝ դա թեեւ դժվար, բայց հնարավոր քաղաքական ճանապարհ է: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով ճեպազրույցը,հավելել է. «Մոնիթորինգի մեխանիզմները ներդնելուց հետո այլեւս կարիք չի լինի կողմերին կոչ անելու, այլ կարիք կլինի կոչ անելու նրան, ով խախտել է մշտապես»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am